Ինչպիսի՞ն պետք է լինի ճիշտ կազմված տեքստը 🤔

Nov Sat 23, 2019

 

Մտքերը ի մի եք բերել, տեքստը գրել եք, մնում է հասկանալ՝ կաշխատի՞ այն, թե ոչ 👀
Արդյո՞ք ձեր գրածը կհետաքրքրի և հասանելի կլինի բոլորին:
Տեքստերի արդյունավետությունը կանխորոշելու համար բազմաթիվ մեթոդներից մեկն էլ այն երեք տեսանկյունից դիտարկելն է.

🔹 Տեքստը կարդում ենք, ինչպես կկարդար #հետաքրքրված անձը, ով ունի ձեր առաջարկած ապրանքի կամ ծառայության կարիքը 🙋‍♀Այստեղ ամեն ինչ պարզ է՝ գրավիչ առաջարկ, և նա պատրաստ է այն գնել:

🔹 Տեքստը կարդում ենք, ինչպես #պատահական ընթերցողը, ով հանկարծ տեսնում է նաև Ձեր առաջարկը 🤷‍♂ Այս դեպքում, բնականաբար, այն պետք է մաքսիմալ պարզ ու մատչելի լինի, որպեսզի ընթերցողը առաջին անգամից լիարժեք հասկանա, թե ինչի՞ մասին է խոսքը: Հաշվի պետք է առնել, որ առաջարկները բազմաթիվ են, և եթե առաջին հայացքից դուք չգրավեցիք նրա ուշադրությունը, ապա նա անտարբեր անցնելու է հաջորդ նյութերին:

🔹 Տեքստը կարդում ենք, ինչպես կկարդար #կասկածամիտ մարդը: Այս սպառողը ոչ ձեր գրածին է հավատում, ոչ էլ՝ ձեզ 🙅‍♀ Նա կասկածի տակ է դնում ձեր թվարկած բոլոր որակներն ու առավելությունները: Տեքստը պետք է այնքան հետաքրքրող ու համոզիչ լինի, որ նա, մի հայացքով ճանապարհելու փոխարեն, ուշադրություն դարձնի և կարդա այն:

Դե ի՞նչ, կարդացի՞ք ձեր տեքստը ինչպես հետաքրքրվածը, պատահական ընթերցողը, կասկածամիտը: Բոլորն էլ գո՞հ էին, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա եք 🙌 🙂

#SarajyanTrainings #NGs_copywriting_notes

7 սկզբունք լավ տեքստ գրելու համար GNs_copywriting_notes

Oct Fri 11, 2019

Ինչպիսի՞ն պետք է լինի տեքստը, որ հետաքրքրի, հեշտ կարդացվի, տպավորի ու արդյունք տա: Այս հարցը հաստատ գոնե մեկ անգամ ձեզ տված կլինեք, թեկուզ սոցցանցերում որևէ հրապարակում անելու ժամանակ…

 Քոփիրայթերի համար սա ամենօրյա հարց է, ու ,կախված իրավիճակից, այն հաճախ տարբեր պատասխաններ է ունենում:

Իրականում ուշադրություն գրավող, հետաքրքիր ընթերցվող, վերջնական նպատակին ծառայող տեքստեր գրելու համար կան բազմաթիվ գրված ու չգրված օրենքներ, բայց ես այսօր առանձնացրել եմ այն 7 հիմնական սկզբունքները, որոնք ամենաընդհանրականն են բոլոր տեքստերի համար:

 

  1. Գրեք պարզ, հասկանալի լեզվով: Կանոնը թվում է շատ պարզ է, բայց միևնույն ժամանակ ամենաբարդն ու կարևորն է: Աշխատեք ձեր տեքստը կազմել պարզ նախադասություններից, հնարավորինս խուսափեք բառարանային, երկար բառերից, դրանք փոխարինեք առօրյայում օգտագործվող բառերով (օրինակ, այս պահին ուզում էի գրել բառամթերք. մի տեսակ ավելի գեղեցիկ է հնչում, դուք էլ ինձ պես նման պարագայում հիշեք կանոնը): Քոփիրայթերը նույնիսկ Նյուտոնի օրենքը պետք է այնպես ներկայացնի, որ երեխան էլ կարդալիս այն հասկանա: Հիշեք, որքան ավելի հեշտ է հասկացվում տեքստը, այնքան ավելի մեծ աշխատանք է տարվել այն մշակելիս: Եթե ձեր գրածով երեխան հասկացավ , ուրեմն դուք ճիշտ ճանապարհի վրա եք:

 

  1. Լավ գրված տեքստի մեջ ոչ մի բառ չես կարող կրճատել, որովհետև ամեն մի բառը ունի «առաքելություն»: Ինչպե՞ս ենք իրականացնում այս կանոնը: Շատ պարզ՝ հակառակը անելով)) Սկզբից  գրում ենք այն ամենը, ինչ գիտենք նյութի մասին (տեղեկություն, նկարագրություն, կարծիք, վիճակագրություն, առավելություն…), այնուհետև ստացված երկար տեքստը սկսում ենք կրճատել: Կրճատում ենք այնքան, մինչև հասնում ենք մի կետի, երբ նույնիսկ բառ կրճատելու դեպքում գլխավոր միտքը կամ ասելիքը կարող է տուժել: Այ, այդտեղ կանգ առնելու ճիշտ ժամանակն է:

 

  1. Գրելուց առաջ Դուք պետք է իմանաք, թե ում եք դիմում: Ո՞վ է նա, քանի՞ տարեկան է, ի՞նչ մասնագետ է, ի՞նչ նախասիրություններ ունի, ովքե՞ր են նրա հարևանները … Այնպես գրեք, ասես նա Ձեր դիմաց նստած է, և Դուք զրուցում եք իր հետ: Ուշադիր եղեք, ինչ-որ բանի մասին խոսելիս փորձեք գուշակել, թե ի՞նչ հարց կտար նա Ձեզ, եթե հնարավորություն ունենար, և հաջորդ պահին պատասխանեք այդ հարցին: Հավատացեք՝ սա ընթերցողի վստահությունը շահելու լավագույն տարբերակն է:

 

  1. Սկզբից պարզապես թղթին հանձնեք Ձեր բոլոր մտքերը՝ առանց մտածելու, խմբագրելու: Մի փոքր դադար տվեք, այնուհետև վերադարձեք ու սկսեք «մաքրագրել» տեքստը՝ հեռացրեք ավելորդ մասերը, ընտրեք ճիշտ բառեր, «համ ու հոտ» տվեք ձևակերպումներին:

 

  1. Նկատե՞լ եք, պարբերությունների բաժանված տեքստերը մի տեսակ ավելի հեշտ են կարդացվում: Իրականում ապացուցված է, որ իրար ետևից առանց «դադարների» շարադրված տեքստերը ավելի քիչ դիտումներ են ունենում: Հիշեք, տեքստի համար բովանդակությունից ոչ պակաս կարևոր է նաև «արտաքին տեսքը»: Աշխատեք տեքստը գրավիչ ու հետաքրքիր մատուցել Ձեր ընթերցողին (տառատեսակ, պարբերություններ, սմայլեր… )

 

  1. Գրելուց հետո վերջում անպայման բարձրաձայն կարդացեք տեքստը: Եթե լավ է հնչում, թեթև կարդացվում, ապա ևս մեկ «+» ունենք: 

 

  1. Այս ամենից առաջ գրեք հետաքրքիր, ուշադրություն գրավող նախաբան, այլապես Ձեր ջանքերը ջուրը կընկնեն: Երևի Դուք էլ, հաճախ կարդալով երկու տող, անցել եք տեքստը: Ուրեմն, Ձեր խնդիրը նախ և առաջ ճիշտ, գրավիչ, կպնող նախաբան գրելն է:

 

Սրանք քոփիրայթերի չգրված ու գրված օրենքների ընդամենը մի փոքրիկ մասն են, մնացածի մասին հաջորդիվ:

Հուսամ նյութը հետաքրքիր և օգտակար էր Ձեզ համար

 

 

 

NGs_copywriting_notes

Sep Fri 20, 2019

-Որպես ի՞նչ ես աշխատում:

-Քոփիրայթեր

-Ըըըը… էտ ո՞րն է:

Հատված ծանոթներիս՝ իմ աշխատանքի մասին հարց ու փորձից: 

Քոփիրայթինգը ժամանակակից մասնագիտություն է և չնայած մեծ տարածմանն ու պահանջարկին, դեռևս ճանաչելիության խնդիր ունի. նույնիսկ պատվիրատուները երբեմն այն շփոթում են SMM մասնագետի հետ: Ես այսուհետ ձեզ փորձելու եմ պատմել այս մասնագիտության բոլոր նրբությունների ու «մութ անկյունների» մասին, որովհետև քոփիրայթինգը անհրաժեշտ է յուրաքանչյուրիս, թեկուզ միայն մեր տեքստերը ավելի յուրահատուկ ու հետաքրքիր դարձնելու համար: 

Բայց գանք սկզբից. ո՞վ է քոփիրայթերը և ինչո՞վ է զբաղվում:

Եթե դիմենք բառարանի օգնությանը, copywriting բառը կազմված է copy – տեքստ և write – գրել արմատներից, այն մեկնաբանվում է որպես գովազդային կամ հրապարակային տեքստեր գրելու գործունեություն (բոլոր այն տեքստերը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով գովազդում կամ մասսայականացնում են որոշակի ապրանքներ, ընկերություններ, ծառայություններ, մարդկանց կամ գաղափարներ):Դե, Ամերիկա չեմ հայտնաբերի, եթե ասեմ, որ քոփիրայթինգով զբաղվող մասնագետն էլ քոփիրայթերն է:

Քոփիրայթերի գործը կոմերցիոն տեքստեր կազմելն է, որոնք ուղղված են բիզնեսի խթանմանը, հետևապես նաև շահույթի մեծացմանը: Դրանք կարող են լինել տեքստեր կայքերի բովանդակության և առաջխաղացման, էլ-փոստի ցուցակների, լենդինգ էջերի, սոցիալական ցանցերի և կորպորատիվ բլոգերի, կոմերցիոն առաջարկների, բուկլետների / թռուցիկների, տեսանյութի սցենարի… համար:

 Քոփիրայթերի հիմնական խնդիրը ընթերցողի մոտ արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է, բրենդի հանդեպ վստահություն ներշնչելը ու վաճառքը:

Իրականում ամենի ինչ շատ պարզ ու հեշտ է հնչում, ԲԱՅՑ…

Արդյունավետ «աշխատող» տեքստերի համար միայն գրելը բավարար չէ, քոփիրայթերը ավելի բազմապրոֆիլ մասնագետ է, լավ քոփիրայթեր լինելու համար անհրաժեշտ է նաև մի քիչ մարկետոլոգ, վաճառող և հոգեբան լինել:

Քոփիրայթերը մինչ տեքստեր գրելը խոշորացույցով ուսումնասիրում է իր նյութը (մատուցվող ծառայություն կամ ապրանք), թիրախային լսարանը, մրցակիցներին, շուկան, հետո միայն անցնում տեքստի մշակմանը:

Ինչպես արդեն նշեցի, քոփիրայթերի գերխնդիրը ուշադրություն գրավող, վստահություն ներշնչող և գործողության մղող տեքստերն են, իսկ դրա համար անհրաժեշտ է գրել հետաքրքիր և ոչ ստանդարտ, կարողանալ մտքերն արտահայտել հստակ ու հնարավորինս պարզ:

Այս աշխատանքի ամենահավես պահը հետաքրքիր, բազմաշերտ լինելուց հետո՝ ազատ գրաֆիկն է. քոփիրայթերը ինքն է որոշում իր աշխատանքային ժամերը և ունի այն այլ աշխատանքի հետ համատեղելու հնարավորություն:

Հաջորդ անգամ կխոսենք քոփիրայթերի 7 կախարդական կանոնների մասին:

«Անդրադարձ դրականին ու երջանկությանը». Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մակտում։ օzeT-ը խորհուրդ է տալիս կարդալ

Sep Tue 10, 2019

 

Book N1. Review - Sarajyan

ozeT recommens to read

[ads_dropcap][/ads_dropcap]

Առաջին գիրքն էր, որ կարդալու ընթացքում ուզում էի գրի առնեմ հեղինակի գրեթե բոլոր գաղափարներն ու մտքերը, որպեսզի վերջացնելուց հետո հիշեմ ու կիրառեմ դրանք իմ կյանքում: Գիրքը շատ արդիական է իմ համար, քանի որ վերջերս հիմնականում հանդիպում եմ նեգատիվ մտքերի, բացասական կարծիքների և քննադատական վերաբերմունքի ցանկացած երևույթի նկատմամբ, իսկ այստեղ հեղինակը թույլ է տալիս իրերին ու երևույթներին նայել նոր, դրական տեսանկյունից:

Գիրքը կարդացվում է մեկ շնչով, գրված է հեշտ ու մատչելի լեզվով (անգլերեն տարբերակում) իմաստային շատ պարզ արտահայտություններով: Կարդալու ընթացքում անընդհատ մտածում էի, որ  ոչ մի անիրական, դժվար հասանելի կամ նույնիսկ նոր գաղափար առաջ չի բերում, բայց որքան լուրջ ու հետաքրքիր է մոտենում հարցերին:

Գիրքը ընդհանուր առմամբ մարդկային մտածելակերպի և ապրելակերպի մասին է, բայց հեղինակը դրանց մասին խոսում է տարբեր անհատների տեսանկյունից: Քննարկում է լիդերի/առաջնորդի մտածլակերպն ու ապրելակերպը, ապա ներկայացնում է դրանք ընտանիքի ³í³·Ç տեսանկյունից, որդու տեսանկյունից, մեծ մոր, ուսանողի և աշխատողի տեսանկյունից: Իր կարծիքներն ու տեսակետները բացատրում է օրինակներով , որոնք կարող են լինել ընտանեկան, ընկերական և բիզնես միջավայրերում, ինչպես նաև կարող են հանդիպել պետական կառավարման համակարգում: Այս գրքում հեղինակը շատ պարզ փորձում է ցույց տալ , որ կյանքում տեղի ունեցող փոքրիկ դեպքերը մարդկանց համար շատ մեծ դեր են ունենում և պետք չէ դրանք թերագնահատել կամ անտեսել:

Ամփոփելով ասեմ` գրքում ես գտա մի մարդու, ում պատկերացնում եմ իրական լիդերի/առաջնորդի կերպարում, ում կցանկանամ տեսնել որպես իմ ղեկավար կամ ոչ հեռու ապագայում ` դառնալ այդպիսի մարդ:

Որոշ ամենատպավորիչ արտահայտություններով կիսվեմ Ձեզ հետ

  • Կյանքն իրենով անդրադարձ է: Երջանկությունը անդրադարձում է երջանկություն, դրականը ` դրական:
  • Դրականը մտածելակերպ է, երջանկությունը ` ապրելակերպ: Այլ բառերով ասված` քո ունեցածը չէ, որ դարձնում է քեզ երջանիկ, կամ այն գործողությունները չեն, որոնք բերում են երջանկություն: Երջանկությունն այն է ` ինչ ես դու մտածում երևույթի և իրերի մասին:
  • Պոտենցիալ կա ցանկացած մարդու մեջ: Յուրաքանչյուր մտահաղացում հաջողվելու հավանականություն ունի իր տեղում և իր ժամանակին:
  • Լիդերի/ղեկավարի ընդհանուր տեմպը կախված է իր թիմի արագությունից. իր ուժը նրանցն է, և իր ինտելեկտը` իր թիմի անդամների մտավոր գումարը:
  • Շատերը կարծում են, որ ներքին երջանկությունն է դրդում մարդկանց ժպտալ, մինչդեռ ժպիտն է մարդկանց մոտեցնում ներքին երջանկության:
  • Մենք չենք ուզում ունենալ օդանավակայան Դուբայում, մենք ցանկանում ենք Դուբայը դարձնել աշխարհի համար օդանավակայան
  • Միթերագնահատեք Ձեր մտքերը, որովհետև Ձեր էներգիան, նպատակասլացությունը, հաջողությունն ու նույնիսկ առողջությունը ուղիղ կապված են դրական մտքերի հետ, կախվածության մեջ են գտնվում դրանցից:
  • Կառավարության աշխատանքն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կհասնեն ու կգտնեն իրենց երջանկությունը: Այո‘, այո‘: Կառավարության աշխատանքն է հասնել/հասցնել երջանկության: