NGs_copywriting_notes

-Որպես ի՞նչ ես աշխատում:

-Քոփիրայթեր

-Ըըըը… էտ ո՞րն է:

Հատված ծանոթներիս՝ իմ աշխատանքի մասին հարց ու փորձից: 

Քոփիրայթինգը ժամանակակից մասնագիտություն է և չնայած մեծ տարածմանն ու պահանջարկին, դեռևս ճանաչելիության խնդիր ունի. նույնիսկ պատվիրատուները երբեմն այն շփոթում են SMM մասնագետի հետ: Ես այսուհետ ձեզ փորձելու եմ պատմել այս մասնագիտության բոլոր նրբությունների ու «մութ անկյունների» մասին, որովհետև քոփիրայթինգը անհրաժեշտ է յուրաքանչյուրիս, թեկուզ միայն մեր տեքստերը ավելի յուրահատուկ ու հետաքրքիր դարձնելու համար: 

Բայց գանք սկզբից. ո՞վ է քոփիրայթերը և ինչո՞վ է զբաղվում:

Եթե դիմենք բառարանի օգնությանը, copywriting բառը կազմված է copy – տեքստ և write – գրել արմատներից, այն մեկնաբանվում է որպես գովազդային կամ հրապարակային տեքստեր գրելու գործունեություն (բոլոր այն տեքստերը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով գովազդում կամ մասսայականացնում են որոշակի ապրանքներ, ընկերություններ, ծառայություններ, մարդկանց կամ գաղափարներ):Դե, Ամերիկա չեմ հայտնաբերի, եթե ասեմ, որ քոփիրայթինգով զբաղվող մասնագետն էլ քոփիրայթերն է:

Քոփիրայթերի գործը կոմերցիոն տեքստեր կազմելն է, որոնք ուղղված են բիզնեսի խթանմանը, հետևապես նաև շահույթի մեծացմանը: Դրանք կարող են լինել տեքստեր կայքերի բովանդակության և առաջխաղացման, էլ-փոստի ցուցակների, լենդինգ էջերի, սոցիալական ցանցերի և կորպորատիվ բլոգերի, կոմերցիոն առաջարկների, բուկլետների / թռուցիկների, տեսանյութի սցենարի… համար:

 Քոփիրայթերի հիմնական խնդիրը ընթերցողի մոտ արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է, բրենդի հանդեպ վստահություն ներշնչելը ու վաճառքը:

Իրականում ամենի ինչ շատ պարզ ու հեշտ է հնչում, ԲԱՅՑ…

Արդյունավետ «աշխատող» տեքստերի համար միայն գրելը բավարար չէ, քոփիրայթերը ավելի բազմապրոֆիլ մասնագետ է, լավ քոփիրայթեր լինելու համար անհրաժեշտ է նաև մի քիչ մարկետոլոգ, վաճառող և հոգեբան լինել:

Քոփիրայթերը մինչ տեքստեր գրելը խոշորացույցով ուսումնասիրում է իր նյութը (մատուցվող ծառայություն կամ ապրանք), թիրախային լսարանը, մրցակիցներին, շուկան, հետո միայն անցնում տեքստի մշակմանը:

Ինչպես արդեն նշեցի, քոփիրայթերի գերխնդիրը ուշադրություն գրավող, վստահություն ներշնչող և գործողության մղող տեքստերն են, իսկ դրա համար անհրաժեշտ է գրել հետաքրքիր և ոչ ստանդարտ, կարողանալ մտքերն արտահայտել հստակ ու հնարավորինս պարզ:

Այս աշխատանքի ամենահավես պահը հետաքրքիր, բազմաշերտ լինելուց հետո՝ ազատ գրաֆիկն է. քոփիրայթերը ինքն է որոշում իր աշխատանքային ժամերը և ունի այն այլ աշխատանքի հետ համատեղելու հնարավորություն:

Հաջորդ անգամ կխոսենք քոփիրայթերի 7 կախարդական կանոնների մասին: